Քրիստոնեություն

Քրիստոնեություն (հուն․՝ Χριστός՝ «օծյալ»), միաստվածային կրոն, hուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում ապրում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Տարբեր քրիստոնեական ուղղությունների հետևորդների մոտավոր թիվը՝

  • 1, 2 միլիարդ քրիստոնյա դավանում են Կաթոլիկություն
  • Ըստ Բրիտաննիկա հանրագիտարանի աշխարհում ապրում է մոտ 420 միլիոն բողոքական, բայց նրա մասնագետները դրանց մեջ չեն ներառում Անգլիկան եկեղեցին (86 մլն․) և այլ անկախ եկեղեցիներ (371 մլն․)։ Ըստ Pew Research Center-ի այդ եկեղեցիները ներաքյալ կա 800 միլիոն բողոքական
  • Արևելյան հնագույն եկեղեցիների հետևորդ հանդիսանում են աշխարհի 70-80 միլիոն քրիստոնյա, որոնիցից 9 միլիոնը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են
  • Աշխարհում ապրում է 225-300 միլիոն ուղղափառ քրիստոնյա

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started